Որքան ճանապարհ է ասֆալտապատվել Հայաստանում 2 տարում

20/09/2020
Ասֆալտապատում Հայաստանում
407
Views
  • Պատմական անդրադարձ 10-20 տարիների ընթացքում Հայաստանի ճանապարհների վերանորոգման մասին
  • Որքան ճանապարհ է վերջին տարիներին (2019-2020) ասֆալտապատվել և վերանորոգվել
  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ որակյալ և ասֆալտապատ ավտոճանապարհներ
  • Ասֆալտապատ ճանապարհների օգուտները երկրի տնտեսական առաջխաղացման տեսանկյունից
  • Արդյո՞ք Հայաստանը կկարողանա առաջիկա 5 տարում ասֆալտապատել բոլոր հիմնական և միջհամայնքային ճանապարհները
  • Որքան ճանապարհ է ասֆալտապատվելու 2021-ին և հաջորդող տարիներին

Հայաստանի ճանապարհների ասֆալտապատման ընդհանուր վիճակագրություն

Հայաստանի ճանապարհները | Roads of Armenia

Հայաստանի ճանապարհները | Roads of Armenia. Photo by Desuden.com

Ամեն անգամ երբ համացանցում հայտնվում է այս կամ նմանատիպ տեսանյութ մեքենաների մասին, որոնց ուղևորները մեծ դժվարությամբ են իրենց պահում մեքենայում, համացանցի հայ օգտատերերը սկսում են տարածել դրանք ու վերնագրել՝ Մեր քաղաքում, Մեզ մոտ, Մեր երեկվա ճանապարհը և այլն։ Իսկ մարդիկ, ովքեր սիրում են ճանապարհորդել Հայաստանով, արդեն անգիր գիտեն ամեն մի փոս ու դրանից սպասվող մեքենայի տեխնիկական խնդիրները։ Նոր ուղղություններ էլ ընտրելիս տեղացիներից ճշտում են ոչ թե եղանակն ու գեղատեսիլ վայրերը, այլ՝ ճանապարհի վիճակը։

Հայաստանի ճանապարհների հանդեպ այսօրինակ մոտեցումն ու տրամադրվածությունը բազմամյա դառը փորձի արդյունքում է ձևավորվել։

Միևնույն ժամանակ Հայաստանյան ճանապարհներից երբեք էլ չեն բացակայել ասֆալտապատում կատարող տեխնիկան ու սարքավորումները։ Դրանից կարելի է ենթադրել, որ տարիներ շարունակ ճանապարհաշինության ոլորտում եղել է․

  • Աշխատանքի իմիտացիա
  • Ոչ պրոֆեսիոնալ աշխատակազմ
  • Անորակ նյութեր ու տեխնիկա
  • Անհետևողական վերադասներ

Դեռ նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թ. հիմնանորոգվել է շուրջ 360 կմ պետական նշանակության ճանապարհ, և սա այնքան է, որքան 2013-2017 թթ. կատարված նույնանման աշխատանքները. փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում 5 տարում էր կատարվում:

2020թ․-ին չնայած նրան, որ կորոնավիրուսային համաճարակը խոչընդոտում է բոլոր ոլորտների աշխատանքին, Հայաստանում մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել։ Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ։

Որտե՞ղ է իրականացվում ասֆալտապատում

Ճանապարհաշինարարության գործընթացքում ներգրավված են բոլոր մարզերը՝ ռազմական, տնտեսական, տուրիստական կարևոր նշանակության ճանապարհներով։

Գրեթե ամեն օր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակում է ամենօրյա կատարվող աշխատանքները՝ մանրամասն ներկայացնելով ճանապարհաշինության ինչպես բյուջեն, այնպես էլ՝ ժամկետները։

2020թ․-ին նախատեսվում է իրականացնել 502 կմ ճանապարհների հիմնանորոգում կամ վերանորոգում։

Գաղտնիք չէ, որ նախկինում կատարված ասֆալտապատումը իր որակական հատկանիշներով հանգեցրել է նրան, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նաև այդ ճանապարհներին, բայց ավելի ակնառու և կաևոր է այն հանգամանքը, որ հիմնանորոգվող ճանապարհների մեծ մասը տասնամյակներ շարունակ ասֆալտի և ասֆալտապատողների չի հանդիպել․

  • Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերջին անգամ նորոգվել է խորհրդային կարգերի օրոք` ավելի քան 40 տարի առաջ։
  • Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը վերջին անգամ նորոգվել է 1980-ականներին։
  • Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։
  • Հոռոմ–Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհահատվածի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը՝ 4.5 կմ երկարությամբ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 15-20 տարի առաջ
  • Արեգունի-Ծափաթաղ 12,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը առաջին անգամ հիմնանորոգվել է 2019 թվականին։
  • Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ճանապարհների վերանորոգման հարցը բնակիչները բարձրացնում էին առնվազն 25 տարի՝ ամեն ընտրություններին խոստումներ ստանալով։
  • Սահմանամերձ Մովսես գյուղի՝ սահման տանող ճանապարհը որն այժմ ամբողջովին ասֆալտապատ է, նախկինում երբևէ ասֆալտապատ չի եղել։

Այս և այլ ճանապարհների շինարարությունները կատարվում են ինչպես ամբողջովին պետբյուջեի հաշվին, այնպես էլ՝ սուբվենցիոն ծրագրերով, երբ նախատեսված գումարը տրամադրվում է մի քանի աղբյուրներից։

Յուրաքանչյուր ճանապարհի վերանորոգման համար ծախսվում են միլիոնավոր դրամներ․

  • Դիլիջանի օղակաձև հրապարակի համար 98 մլն դրամ
  • Հ73–Պարզ լիճ ավտոճանապարհը՝ 300 մլն դրամ
  • Վանաձոր–Դիլիջան` 6.5 կիլոմետրանոց ճանապարհը՝ 647 միիոն դրամ
  • Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը՝ 1 մլրդ 41 մլն դրամ
  • Տավուշի մարզում հիմնանորոգվել է 105 կիլոմետրից ավել ճանապարհ, որի համար ծախսվել է 9 միլիարդ դրամ
  • Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ
  • Տաթև-Աղվանի-Կապան՝ 1 մլրդ 170 մլն դրամ
  • Արեգունի-Ծափաթաղ 12,5 կմ երկարությամբ ճանապարհահատված՝ 1 մլրդ 457 մլն դրամ և այսպես շարունակ։

Նախարարի խոսքով՝ որոշ դեպքերում հնարավոր է լինում շինարարությունն այնպես անել, որ նախապես նշված պայմանագրային գումարից քիչ գումար ծախսվի։ Փոխարենը նախարարը պատրաստ է հավելյալ գումար ծախսել շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։

Ասֆալտապատում Հայաստանում 2019-2021

Ճանապարհների շինարարության որակի դրական փոփոխություն կարող են ապահովել նաև Հայաստանում վերջերս բացված ասֆալտի գործարանները

«Մենք հստակ գնահատական ենք տվել, որ ճանապարհաշինության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքը բավարար չէ: Սա այն կարևոր օղակն է, որը երաշխավորելու է որակյալ շինարարություն: Ընթացիկ վերահսկողության իրականացումը հենց իրենց կողմից պետք է լինի, ոչ թե մեր գերատեսչության»,- նշել է Պապիկյանը։ Ըստ նրա՝ նոր նորմերով վերահսկող ընկերությունները կկարողանան որակի դիմաց ավելի շատ գումար վաստակել, որն էլ գուցե խթանի նրանց ավելի արդյունավետ աշխատանքը։

Ճանապարհների շինարարության որակի դրական փոփոխություն կարող են ապահովել նաև Հայաստանում վերջերս բացված ասֆալտի գործարանները։

Նոր Գեղիում բացված ասֆալտի գործարանը այժմ 1 ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում, սակայն կարող է այդ ծավալը հասցնել 250 տոննայի։

Իսկ Արամուսի ասֆալտի գործարանը, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն։ Այն կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ` նախկին 50 տոննայի փոխարեն։

Որքանով է կարևոր ասֆալտապատումը երկրի զարգացման համար

Հայաստանյան ճանապարհների անմխիթար վիճակը հուզում էր անխտիր բոլորին։ Բոլոր ժամանակներում կառավարություններից ակնկալած բարեփոխումների գլխավոր կետերից մեկը եղել է ճանապարաշինարարությունն ու ասֆալտապատումը։ Ու պատճառն այն չէ, որ բոլորն ապրում են անբարեկարգ ճանապարհներով համայնքներում։ Ճանապարհաշինարարությունն ունի մի շարք կարևոր նշանակություններ․

Ռազմական նշանակություն

Հայաստանի նման տևական պատերազմական իրավիճակում գտնվող երկրում հատկապես սահմանամերձ համայնքներում և հենց սահման տանող ճանապարհների բարեկարգ վիճակը կարևոր ռազմական նշանակություն ունի։

Մարդկային և տեխնիկական ուժի հեշտ տեղաշարժը կարող է ճակատագրական լինել ցանկացած ռազմական գործողության ժամանակ։ Դրա վառ ապացույցն է այն, որ հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ հրապարակված Մովսես գյուղի նորակառույց ճանապարհի տեսանյութը մեծ ոգևորություն առաջացրեց հայերի շրջանում ու մեր զինված ուժերի մարտունակության ու իրավիճակի հաղթական հանգուցալուծման հանդեպ հավատը էլ ավելի ամրապնդեց։

Տուրիստական նշանակություն

Պատմական վայրերով հայտնի Հայաստանը գրավում է շատ զբոսաշրջիկների, բայց այդ հինավուրց վայրեր հասնելու ճանապարհը, այնուամենայնիվ, բոլորը ցանկանում են անցնել մաքսիմալ հարմարավետությամբ։

Տուրիզմի զարգացումը և Հայաստանի ճանապարհներըՈրքան էլ տուրիզմի դասական ուղղությունները զիջեն իրենց դիրքերը գյուղական, բնությանն ավելի մոտ տուրիզմին, տուրիստական ավտոբուսներում մարմինը այս ու այն կողմ հարվածելու ու, առավել ևս, սեփական մեքենան մետաղաջարդոնի վերածելու ցանկություն ոչ ոք չունի։ Այդ պատճառով երկրում տուրիզմի զարգացման կարևոր նախադրյալներից է նորմալ, հեշտ անցանելի ավտոճանապարհների առկայությունը։ Օրինակ, սեպտեմբերին կավարտվի Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհի շինարարությունը, որը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։

Եթե Պարզ լիճը արդեն հայտնի էր զբոսաշրջիկներին ու անկախ ճանապարհների անբարեկարգ վիճակից մարդիկ գնում էին այնտեղ, ապա շատ զբոսաշրջային ուղղություններ ու մասնավոր տուրիստական օբյեկտներ չեն կարողանում զարգացնել իրենց բիզնես պոտենցիալը ու ճանաչելի դառնալ զբոսաշրջիկների շրջանում նաև վատ ճանապարհների պատճառով։ Դա էլ իր հերթին մարում է գործարարների ցանկությունը այդ ոլորտներում ներդրումներ կատարելու և ոլորտը զարգացնելու հարցում։

Գյուղատնտեսություն և առևտուր

Բարեկարգված համայնքային ճանապարհները նաև շատ կարևոր են գյուղական համայնքների ու գյուղատնտեսության զարգացման համար։

Որքան հեշտ լինի գյուղ տանող ճանապարհը, այնքան հեշտ կլինի այնտեղից մթերք տեղափոխել, արտահանել կամ տեղում առևտուր իրականացնել։

Լավ ճանապարհը լավ կենսակերպի նախապայմաններից է

Լավ ճանապարհներ ունեցող համայնքներում փոխվում է նաև մարդկանց կենսակերպը: Լուսանկարը՝ Վարդան Պապիկյանի | Desuden.com

Լավ ճանապարհներ ունեցող համայնքներում փոխվում է նաև մարդկանց կենսակերպը։ Ցանկացած եղանակին, ցանկացած փոխադրամիջոցով հեշտությամբ քաղաքից քաղաք, իսկ Հայաստանի պարագայում՝ հիմնականում համայնքից մայրաքաղաք տեղափոխվելու հեռանկարը կնպաստի նրան, որ մարդիկ շարունակեն ապրել իրենց հարազատ գյուղում կամ քաղաքում, զարգացնեն իրենց տնտեսությունը՝ անասնապահությունը կամ հողագործությունը՝ վստահ լինելով, որ թե առևտրային, թե անձնական կարիքների դեպքում կարող են հեշտ ու արագ հասնել մայրաքաղաք։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` մինչև 2024 թվականը նախատեսվում է, որ գոնե 70 տոկոսով բարեկարգ լինեն Հայաստանի ճանապարհները։

#ԿառուցենքՀայաստանըՆորովի> խորագրով ու հեշթեգով կարելի է հետևել իրականացվող աշխատանքներին, քանի դեռ ասֆալտապատող մեքենաների աղմուկը չեք լսել ձեր իսկ բակից։

Sirarpi Telimyan • BizNet.am Media ReporterՍիրարփի Թելիմյան ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր

ℹ Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար

☑ Twitter ☑ Linkedin

 

Գրաֆիկական պատկերները՝ Envato Elements և Desuden.com

Հոդվածի թեման՝
Քաղաքային

Comments are closed.