Ապահովագրական շուկան Հայաստանում 2021-2022թ-ին

25/09/2020
Ապահովագրություն Հայաստանում
356
Views
  • Ինչ կարգավիճակում էր ապահովագրական ինդուստրիան Հայաստանում 2020-ին
  • Ինչ ճանապարհ է անցել ապահովագրական շուկան Հայաստանում
  • Որքանով են բավարարված հաճախորդները ապահովագրական ընկերություններից
  • Ավտոմեքենաների ԱՊՊԱ ապահովագրությունը Հայաստանում
  • Բժշկական ապահովագրությունը Հայաստանում
  • Ինչ թարմացումներ են սպասվում Հայաստանյան ապահովագրական ոլորտում

Եթե հնարավոր լիներ մեկ բառով նկարագրել 2020 թվականն, ապա «աղետն» ամենահարմար տարբերակն կլիներ։ Եվ սա ամենևին չափազանցություն չէ։ Դիմակայելով առաջին 3 եռամսյակներին կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների ստեղծած քաոսին և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկումներին՝ տարվա վերջին եռամսյակի պատերազմական իրավիճակը լուրջ հարված էր բիզնեսի բոլոր ոլորտների համար, այդ թվում՝ ապահովագրական։

2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալները կրճատվել են 7,9% -ով։

Ահահովագրական շուկան 2020 թվականին

Համաձայն հայկական ապահովագրական ընկերությունների ներկայացրած վերլուծականների 2020-ն ընդհանուր առմամաբ անկումային էր ոլորտի համար։ Ըստ ԱրմԻնֆոյի՝ ապահովագրական պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 24,28 մլրդ դրամ, իսկ ապահովագրական վճարները, համեմատած 2019-ի վիճակագրության հետ, նվազել են `4,74% -ով՝ մինչև 11,3 մլրդ դրամ։

Չնայած ապահովագրական շուկայի՝ տնտեսության մեջ ունեցած փոքր կշռի (ֆինանսական համակարգի ակտիվների 0.9%) և համավարակով պայմանավորված անկմանը՝ ԿԲ-ն այս ոլորտի ռիսկերը կառավարելի է համարում։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները էական ազդեցություն են ունեցել տնտեսության բոլոր ոլորտների վրա, այդ թվում նաև՝ ապահովագրական ընկերությունների գործունեության վրա:

Ոչ կյանքի հետ կապված ապահովագրավճարները նախորդ տարվա համեմատ նվազել են 8%, իսկ փոխհատուցումները՝ 4%-ով։

Ապահովագրավճարների ամենամեծ անկումը գրանցվել է տուրիստական ​​ապահովագրության ոլորտում՝ -46,4% նախորդ տարվա 23,4% աճի դիմաց: Հաջորդ անկումային ոլորտներն են բեռնափոխադրումների ապահովագրության (-37,4%), ընդհանուր պատասխանատվության ապահովագրության (-40%), գույքի ապահովագրության (-39%, անշարժ գույքի շուկայում գործունեության նվազման հետևանքով), իսկ տրանսպորտային միջոցների տեղաշարժի և օգտագործման սահմանափակումը հանգեցրել է ԱՊՊԱ-ի և ավտոտրանսպորտային ապահովագրության նվազմանը: Այնուամենայնիվ, ավտոապահովագրության հատվածը շարունակում է գերակշռել ապահովագրական շուկայի պորտֆելում ՝ կազմելով գրեթե 47%:

Ապահովագրության վճարների մասով զգալի անկում կարելի է արձանագրել բեռնափոխադրումների ապահովագրության մեջ (գրեթե 94% -ով), ճանապարհորդական ապահովագրության ոլորտում (-45,4%): Վճարների տարեկան անկումը գրանցվել է գրեթե բոլոր խոշոր հատվածներում, բացառությամբ բժշկական ապահովագրության, որտեղ վճարումները մնացել են գրեթե 2019-ի առաջին կիսամյակի մակարդակի վրա `մի փոքր աճով: Ավանդաբար, վճարումների ամենամեծ բաժինը բաժին է ընկել ԱՊՊԱ- ին, որին հաջորդում է բժշկական ապահովագրությունը:

Հարկ է նշել սակայն, որ համավարակի պատճառով ստեղծված ծախսերը չեն փոխհատուցվում բժշկական ապահովագրության շրջանակում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչը առողջության ապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնում է քովիդային իրականությամբ ապրող աշխարհում։

Հայաստանում ապահովագրական ակտիվ ոլորտները

Կորպորատիվ ապահովագրությունը գերակշռում է հայ ապահովագրողների պորտֆելներում (56,2%), մինչդեռ անհատական ապահովագրությունը կազմում է նրանց պորտֆելների 43,8% (ի հակադրություն նախորդ տարվա՝ համապատասխանաբար 55,9% և 44,1% ցուցանիշներին): Այնուամենայնիվ, համաձայն ներկայացված Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի ցուցանիշների, շուկայի անհատական ապահովագրության բաժինը նվազել է 8.5%-ով, իսկ կորպորատիվ ապահովագրությունը` 7.4%-ով: Ապահովագրական վճարների տեսանկյունից գերակշռում են անհատական փաթեթները (68.2% փոխհատուցումներ), մինչդեռ կորպորատիվ հաճախորդներին կատարված փոխհատուցումները կազմել են 31.8%:

Փոխհատուցումների մեխանիզմում վճարումների ամենամեծ բաժինը ավանդաբար բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին ՝ 59,4% կամ 10,2 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 59,5% -ի փոխարեն: Փոխհատուցումների մասնաբաժնի երկրորդ տեղը զբաղեցնում է բժշկական ապահովագրությունը՝ 32,22% կամ 5,5 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 32,20%-ի փոխարեն: Երրորդ դիրքը պատկանում է ԿԱՍԿՈ-ին, որի մասնաբաժինը վճարների մեխանիզմում մեկ տարվա ընթացքում աճել է 3.9% -ից մինչև 4.9%:

Ովքե՞ր են ապահովագրական շուկայում առաջատարները

Ապահովագրական վճարների ծավալի առաջատարը 2020 թ.-ի 9 ամիսների կտրվածքով պատկանում է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ին`5,4 միլիարդ դրամով: Երկրորդ տեղը զբաղեցնում է ԻՆԳՈ Արմենիան՝ 3.7 միլիարդ դրամ փոխհատուցման ծավալով: Առաջատար եռյակը փակում է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը՝ 2.7 միլիարդ դրամ վճարումների ծավալով: Seal Insurance-ը գրանցել է 2,5 միլիարդ դրամ ցուցանիշ՝ զբաղեցնելով 4-րդ տեղ, իսկ հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է RESO ապահովագրականը՝ 1,6 միլիարդ դրամ վճարումների ծավալով:

ԱՊՊԱ-ն Հայաստանում

Ըստ եվրաարձանագրման ապահովագրական դեպքերի ձևակերպումների ԱՊՊԱ համակարգը Հայաստանում ներդրվել է 2016 թվականի գարնանը՝ 50 000 դրամ վնասի փոխհատուցման շեմով։ Արդեն հաջորդ տարվա աշնանը այդ շեմը բարձրացվել է մինչև 100 000 դրամ, իսկ 2020թ․-ի ամռանից՝ մինչև 200 000 դրամ։ 2017թ-ից ԱՊՊԱ գործընթացները սկսել են անցում կատարել միասնական պատուհանի համակարգին՝ ASWA (Armenian Single Window for Automative)՝ ֆրանսիական Bureau Veritas Inspection Valuation Assessment and Control-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում։ Պայմանագրի համաձայն սկսվել է հայկական ԱՊՊԱ-ում տարբեր մեխանիզմների փուլային ներդրումները՝ ապահովագրերի կնքումից մինչև վերջիններիս էլեկտրոնային վաճառք, տերմինալների միջոցով ապահովագրերի կնքում և դրամական միջոցների ընդունում։ Արդեն անցած տարվա փետրվարից ներդրվել է ապահովագրական դեպքերի ձևակերպումը ըստ եվրաարձանագրության՝ ASWA բջջային հավելվածի միջոցով։

Անցած տարին բարդ էր ԱՊՊԱ-ի համար։ Տարեկան դինամիկայի վատթարացումը ԱՊՊԱ գծով գրանցել է վճարումների՝ անցած տարվա 11.1% աճից մինչև 5.8% անկում: Լուրջ անկման մեջ մի փոքր դանդաղած, բայց տարեկան տեմպի զգալի դանդաղեցմամբ, տուժել են նաև տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով ապահովագրական հատուցումները՝ 73,4%-ից մինչև 43,8%, ընդհանուր ապահովագրության գծով` 52,4% -ից մինչև 28,7%:

Առողջության ապահովագրությունը Հայաստանում

Ինչպես և ԱՊՊԱ-ի դեպքում, բժշկական ապահովագրությունը Հայաստանում ներդրվել է և փուլային որոշակի փոփոխությունների ենթարկվել 2017 թվականից։ Առաջին փուլում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվել է քաղ․աշխատողների սոցիալական փաթեթների շրջանակում, որից օգտվել են մոտ 100 000 շահառու։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։

Համաձայն պլանի՝ դեռևս 2018 թվականից պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման երկրորդ փուլի շրջանակում շահառուներ պետք է դառնային առավել անապահով շերտերը՝ ներգրավելով 612 000 քաղաքացու, սակայն փուլի ներդրումը հետաձգվեց։ Վերոհիշյալ փուլային անցման երրորդ փուլի շրջանակում պարտադիր բժշկական ապահովագրության շահառու պետք դառնան ՀՀ բոլոր քաղաքացիները։

2020 թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում ապահովագրական ընկերություններն արձանագրել են ընդհանուր առմամբ 220.5 հազար ապահովագրական դեպք (տարեկան 12.8% անկմամբ), որից մեծ մասը բաժին է ընկել բժշկական ապահովագրությանը` 170.6 հազար դեպք (տարեկան 12.5% անկմամբ)։

Peproneh Badalyan • Biznet.am Media ReporterՓեփրոնե Բադալյան  ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր

Փեփրոնեն հանդիսանում է ֆրիլանս քոնթենթ-մեյքեր և Քոփիռայթեր՝ 5+ տարվա փորձով։ Հիմնական ուղղություններն են՝ ֆոտո բովանդակություն, բիզնես և տեխնոլոգիական վերլուծական հոդվածներ և այլն։

☑ Instagram ☑ Linkedin

 

Լուսանկարները՝ Envato Elements
Հոդվածի թեման՝
Բիզնես · Կենսակերպ · Ֆինանսներ

Comments are closed.