Կորոնավիրուսի համաճարակն ու օնլայն աշխատանքը արդեն նկատելիորեն փոփոխել են աշխատանքային շուկան, բայց այն ավելի կփոփոխվի: Հատկապես մեծ հարվածի տակ կընկնի միջին դասը. ապագայի աշխարհում չեն լինի ներկայումս ընդունված աշխատատեղերը:
Աշխատանքի ավարտը. ինչու ապագայի աշխարհում տեղ չկա միջին դասի համար
Դեռևս 1984 թվականին ամերիկացի գրող և ֆուտուրոլոգ Ջոն Նեյսբիթը կանխատեսել էր, որ աշխարհը կառավարման հիերարխիկ կառույցներից կանցնի ցանցայինի: Բայց նա, դժվար թե, ցանց ասելով պատկերացնում էր այնպիսի մի բան, ինչպիսիք են հիմա թվային ցանցերը: Որոշ ժամանակաշրջան այդ անցումը տեղի չէր ունենում գործիքների բացակայության պատճառով, որոնք կլինեին մարդկանց միավորելու համար բավականաչափ ծավալուն, մատչելի, հուսալի և համատարած: Երբ այդ հնարավորությունը ի հայտ եկավ (մոտավորապես 2010-ական թվականներին), դեռ երկար պահպանվում էր հոգեբանական պատնեշը՝ զգացումը, որ աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար պետք է «վերահսկել»:
Այդ պատնեշի ուժը հստակ դրսևորվում է հիմա. մենք տեսնում են «ինչպես վերահսկել հեռահար աշխատանքը» կոնտենտի կտրուկ աճը: Ներկայիս համաճարակի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կքանդվի նաև այդ պատնեշը, երբ պարզվի, որ ցանցային կազմակերպություններում կարևոր է ոչ թե վերահսկողությունը, այլ՝ ընդհանուր արդյունավետությունը:
Շահողներն ու պարտվողները
Ինչպես բոլոր հասարակական փոփոխությունների դեպքում՝ աշխատանքային կազմակերպությունների փոփոխությունների դեպքում ևս կլինեն հաղթողներ և պարտվողներ: Առաջին հերթին, այս փոփոխությունների շահողներ կդառնան նրանք, ովքեր կկարողանան ապացուցել իրենց արդյունավետությունը և կարևորությունը՝ աշխատելով ճկուն կազմակերպչական միջավայրում, որը չի պահանջում կոորպորատիվ հավատարմության ամենօրյա ցուցադրություն գրասենյակում անցկացրած աշխատաժամերի տեսքով: Այդ ռեժիմով կյանքի որակի հետ կապված կա երկու հակադիր տեսակետ: Պայմանական էքստրավերտները կկարոտեն գործընկերների հետ անմիջական շփումից ստացած էներգետիկ լիցքավորումը: Բայց պայմանական ինտրովերտներին նոր ռեժիմը իսկական դրախտ կթվա՝ նույնիսկ աշխատանքային գերզբաղվածության պայմաններում:
Սակայն սկզբնական շրջանում պարտվողները ավելի շատ կլինեն: Նախ, նոր տնտեսությունում պահանջարկ չեն ունենա միջին և կրտսեր օղակի մենեջերները: Բացի այդ, չի բացառվում, որ աշխատաշուկայից զգալիորեն կքչանան նաև միջին որակավորման մասնագիտությունների աշխատատեղերը:
Երկրորդ, զարգացած տնտեսություն կվերադառնան ցածր որակավորման մասնագիտությունները՝ junk jobs-ը (օրինակ՝ առաքիչները)՝ նվազագույն աշխատավարձով, առանց զարգացման հեռանկարների և բարոյական բավարարվածության: Նախկինում կարծում էին, որ այդ աշխատատեղերը մնացել են XIX դարի վերջում- XX դարի սկզբում՝ արդյունաբերական ժամանակաշրջանում:
Արդյունքում առաջիկա տասնամյակում կսրվի որակավորում ունեցող մասնագետների պահանջարկի բացակայությունը: Հարուստ երկրները դրան կարող են դիմակայել բաշխման համակարգերի օգնությամբ, ինչպիսին է՝«երաշխավորված եկամուտը» (այն դեռևս 1950-ական թվականներին առաջարկում էր Ջոն Գելբրեյթը): 2017-2018 թվականներին այդ մոդելը փորձարկել է Ֆինլանդիան. երկու տարի 2000 գործազուրկ ստացել է ամսական €560-ական եվրո գումար: Այդ գումարը թույլ է տվել մարդկանց իրենց լավ զգալ, բայց չի օգնել աշխատանք գտնել:
Ավելի բարդ իրավիճակում կհայտնվեն միջին եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան և այլն: Մի կողմից, այս երկրներում կառավարող անձնակազմը ընդհանուր աշխատողների զգալի մասն է կազմում (ի տարբերություն աղքատ երկրների), իսկ մյուս կողմից, չկան բավարար միջոցներ խրոնիկ գործազուրկներին խելամիտ կյանքի որակով ապահովելու համար: Կասկած չկա, որ հետթվային տնտեսությունը կպահանջի հասարակական պայմանագրերի շեշտակի վերանայում ամբողջ աշխարհում:
Միջին դասի ապագան
Ընդհանուր առմամբ, միջին դասը, որի բարեկեցության կտրուկ աճը XX դարի կեսին բնորոշեց ժամանակակից արևմտյան աշխարհի գաղափարախոսությունը, ժամանակակից տնտեսությունում հայտնվել է ամենախոցելի վիճակում: Նրա եկամուտները սկսեցին նվազել 1970-ական թվականներին, իսկ հետթվային ժամանակաշրջանում այն կսաստկանա: Այդ անկման սոցիալական և գաղափարախոսական հետևանքները կարող են լինել աղետալի: Այդ պատճառով, զարգացած երկրների կառավարությունները, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն իրենց մանդատը այդ հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ:
Նոր աշխարհում միջին դասի «կորստի» դեմ պայքարը չի լինի միայն աննախադեպ ֆինանսական միջոցների ներդրմամբ, ինչպիսին է՝ երաշխավորված եկամուտը: Սոցիալական բալանսը պահպանելու համար մարդիկ ոչ միայն պետք է գումար ստանան գոյատևելու համար, այլև՝ կյանքի նոր իմաստ, ինքնադրսևորման միջոց:
Միևնույն ժամանակ, շեշտակի կփոփոխվի նաև «աշխատանքի» (job) հայեցակարգը, որը XIX–XX դարերի կապիտալիզմի կենտրոնն էր: Արդեն այժմ այն իր տեղը զիջում է «կողմնակի աշխատանքի» (gig) գաղափարին, որն իրենից ներկայացնում է համեմատաբար կարճ և հետաքրքիր նախագիծ, որին կարող է հաջորդել արդյունավետ գործունեությամբ դադարը: Ամենայն հավանականությամբ արդյունավետ գործունեության գաղափարը ևս կընդլայնվի ու կներառի երեխաների, տարեցների խնամքը, սոցիալական կամավորությունը:
Զբաղվածության չափման դասական միջոցները, որոնք այսօր վախեցնում են գործազրկության աճող ցուցանիշներով, կկորցնեն իրենց իմաստը: Զարգացած երկրների բնակչության զգալի մասը իր կյանքի մեծ մասը կանցկացնի մասնակի զբաղվածությամբ:
Իսկ հետո՞
Այդ զարգացումները կհանգեցնեն կորպորացիաների ֆիզիկական և տեխնոլոգիական պարագծերի անպատեհությանը, որոնք կառուցված էին ամուր ֆունկցիոնալ ուղղահայացների և թույլ հորիզոնական փոխկապակցվածության շուրջ: Նրանց կգան փոխարինելու ընկերությունները, որոնք հիմնված կլինեն աշխատակիցների թիմային փոխկապակցվածության վրա, ովքեր կունենան բազմազան գիտելիքներ և կապահովեն ընդհանուր արդյունք:
Պահանջարկ կունենան նոր ինֆորմացիոն-հեռահաղորդակցման համակարգերը, որոնք կապահովեն անվտանգ և արդյունավետ հեռահար աշխատանք: Կփոփոխվի անձնակազմի թիվն ու որակավորումը: Պահանջարկ կունենան ունիվերսալ աշխատակիցները, ովքեր կկարողանան միաժամանակ աշխատել, օրինակ, հոգեբանության և մեծ ֆինանսների հետ:
Ընդ որում, նեղ մասնագիտական աշխատանքը հեշտությամբ հնարավոր կլինի փոխարինել ալգորիթմներով, տեխնոլոգիական հարթակներով և ծառայություններով: Թերևս, զարգացած տնտեսությամբ երկրների համար գլխացավանք կդառնա գործազուրկ դարձած «գրասենյակային պլանկտոնների» համար հարմար զբաղմունք գտնելը:
Այս իրավիճակը կխթանի՞ , թե՞ կդանդաղեցնի տնտեսական աճը, որով պայմանավորված է ՀՆԱ-ի մեծացումը, դեռևս պարզ չէ: Սակայն արդյունքում ստացված կենսամակարդակը, ամենայն հավանականությամբ, կգնահատվի ավելի որակյալ (քան կա հիմա): Այդ դեպքում արևմտյան երկրները կամրապնդեն իրենց դիրքը մարդկային կապիտալի գլոբալ շուկայում՝ շարունակելով գրավել առավել հավակնոտ և կրթված երիտասարդների ամբողջ աշխարհից:
Սիրարփի Թելիմյան ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր
ℹ Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար
☑ Twitter ☑ Linkedin
Գրաֆիկական պատկերները՝ Envato Elements